Երևանի ներհամայնքային հասարակական տրանսպորտ
Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով: Նկատի ունենալով վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի քանակի աճի միտումը` քաղաքային իշխանությունը որդեգրել է քաղաքային երթուղային ցանցում մեծ տեղատարողության շարժակազմերի (ավտոբուսների և տրոլեյբուսների) տեսակարար կշիռն ավելացնելու և, զուգահեռաբար, միկրոավտոբուսների շահագործումը բացառելու քաղաքականություն:
Երևանի քաղաքապետարանի համակարգում գործում են հետևյալ ուղևորատար տրանսպորտային ընկերությունները` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» ՓԲԸ-ները, «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որն իրականացնում է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կահավորման, սպասարկման և հսկողության իրականացման աշխատանքները:
Երթուղային ցանց
Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրով, կարևորելով մայրաքաղաքում գործող երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման և նոր երթուղային ցանցի ստեղծման անհրաժեշտությունը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական կազմակերպությունը լավագույն միջազգային փորձի, հստակ հաշվարկների և չափորոշիչների հիման վրա մշակել է Երևանի հանրային տրանսպորտի նոր՝ արդյունավետ երթուղային ցանց, ինչը ենթադրում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգերի ներդրման հնարավորություն, զեղչային համակարգի կիրառում, նոր՝ ժամանակակից շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերում՝ բացառելով միկրոավտոբուսները, հանրային տրանսպորտի մնացած ձևերի արդյունավետ փոխհամագործակցություն, ուղևորների սպասարկման որակի զգալի բարձրացում և այլն։
Այս համատեքստում աշխատանքներ են տարվում Թևոսյան 9 հասցեում գործող հավաքակայանի վերակառուցման և արդիականացման համար՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:
Նույն գործընթացով բարեկարգվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի Լենինգրադյան 16 հասցեում գտնվող տարածքը, որտեղից այժմ կազմակերպվում է նոր ավտոբուսների շահագործումը:
Գործող երթուղային ցանցի համալրման գործընթացով 2020-2024 թվականներին ձեռք է բերվել և մայրաքաղաք ներկրվել նոր, 100 հատ փոքր դասի «ԳԱԶԵԼ սիթի» մակնիշի, 562 հատ միջին դասի «ԺՈՆԳ-ԹՈՆԳ» մակնիշի և 87 հատ մեծ դասի «ՄԱՆ» մակնիշի քաղաքային ավտոբուս: Փոքր դասի ավտոբուսներով սպասարկվում են Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թվով 11 երթուղիներ, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներով՝ թվով 46, իսկ «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով՝ թվով 8 երթուղիներ: Եվս 10 երթուղիներ սպասարկվում են «ՀԻԳԵՐ» մակնիշի հին ավտոբուսներով (2011թ. թողարկման):
Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը, 2022-2024թ.թ. ձեռք է բերվել և մայրաքաղաք ներկրվել նոր՝ «Yutong» մակնիշի 15 և «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի 15 տրոլեյբուս (շարժման ընթացքում լիցքավորվող՝ ՇԸԼ): Նշված տրոլեյբուսներով սպասարկվում է 2 տրոլեյբուսային երթուղի՝ հ. 2, 10:
2026 թվականի առաջին կիսամյակում նախատեսված է ընկերությունը համալրել ևս 45 արդիական՝ շարժման ընթացքում լիցքավորվող նոր տրոլեյբուսներով (արդեն իսկ կայացել է մրցույթը և կնքվել է գնման պայմանագիրը):
Նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով 2025թ. հունվարի 1-ից ներդրվել է նոր՝ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ՝ նախատեսելով արտոնությունների կիրառում առանձին խմբերի քաղաքացիների համար: Դրա շնորհիվ զգալիորեն բարելավվել է քաղաքացիների տրանսպորտային սպասարկման հարմարավետությունը, վիճակը և բարձրացել է սպասարկման որակը:
Գործող երթուղային ցանցով նախատեսված է ավտոբուսային 64 երթուղի (752 միավոր շարժակազմ), միկրոավտոբուսային 11 երթուղի (94 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (60 միավոր շարժակազմ)։
Ավտոբուսային ուղևորափոխադրում
Մայրաքաղաքի ներհամայնքային ավտոբուսային երթուղիներում աշխատանքային օրերին շահագործվում է 632 միավոր շարժակազմ, ոչ աշխատանքային օրերին՝ 502, փաստացի սպասարկվում է 64 երթուղի: Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը և ավտոբուսային երթուղիների շահագործման կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով։
Միկրոավտոբուսային փոխադրումներ
Երևանում փաստացի գործում է 11 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են «ԳԱԶԵԼ-սիթի» մակնիշի 94 միավոր շարժակազմով։ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղիներում աշխատանքային օրերին շահագործվում է 81 միավոր շարժակազմ, ոչ աշխատանքային օրերին՝ 61: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։ Վերջին տարիներին միկրոավտոբուսների քանակի պակասեցման հետևանքով (դադարեցվել է հին «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսների շահագործումը) զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների ծավալը։
Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 60 տրոլեյբուս, այդ թվում՝ 15 հատ «ՅՈՒԹՈՆԳ», 15 հատ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» և 30 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունը փաստացի սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 50-51 միավոր շարժակազմ: 2025 թվականի ընթացքում ընկերության բոլոր 24 քարշի ենթակայանները անցել են հեռակառավարման և ղեկավարվում են Բագրատունյաց 44 հասցեում տեղակայված մեկ միասնական կենտրոնից: 2026 թվականի առաջին կիսամյակում նախատեսված է ընկերությունը համալրել ևս 45 արդիական՝ շարժման ընթացքում լիցքավորվող նոր տրոլեյբուսներով (արդեն իսկ կայացել է մրցույթը և կնքվել է գնման պայմանագիրը): Պարբերաբար նորոգվում են հպակային և մալուխային ցանցերը. 2025 թվականի ընթացքում նորով են փոխարինվել Մյասնիկյան և Աճառյան փողոցների բոլոր հենասյուները և զուգահեռաբար ամբողջովին հիմնանորոգվել է այդ փողոցների տրոլեյբուսային հպակային ցանցը:
2025 թվականին սկսվել և 2026 թվականին շարունակվելու են ընկերության՝ Բագրատունյաց 44 հասցեում գտնվող տրոլեյբուսների վերանորոգման, վարչական մասնաշենքերի հիմնանորոգման և ամբողջ տարածքի պարսպապատման աշխատանքները:
Մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։
Վերջին երկու տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը հիմնականում պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ, ինչպես նաև մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման դադարեցմամբ: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման շնորհիվ, և այդ առումով էլ տարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվել է Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նպատակով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացը, որում հաղթող ճանաչված «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները:
Հասարակական տրանսպորտի կանգառներ
Երևանում սահմանված են հասարակական տրանսպորտի շուրջ 1200 կանգառներ, որոնցից 408-ում տեղադրված են կանգառասրահներ: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների, նոր կանգառների սահմանման՝ նախկինում մեկնարկած աշխատանքները։
Շարունակվել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորումը։ 2022թ. ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված 44 կանգառասրահ փոխարինվել է նորով, ևս 33-ը տեղադրվել է գործող կանգառներում: 2023թ. ընթացքում տեղադրվել է 20 կանգառասրահ՝ Դավթաշեն, Շենգավիթ, Քանաքեռ Զեյթուն, Կենտրոն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում: 2023թ. արդիականացվել է 6 թուջե կանգառասրահ: 2024թ. արդիականացվել է 6 թուջե և 2 նոր տիպի կանգառասրահ: 2025թ. արդիականացվել է 6 թուջե կանգառասրահ:
Ավտոկայանատեղեր
Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի ոլորտը կանոնակարգելու նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընթանում են գործնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում կայանատեղեր կազմակերպելու նպատակով։
Մասնավորապես գործընթացի սկզբից կազմակերպվել են փոխադրամիջոցների վճարովի կայանատեղեր՝ Երևանի Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների հիմնական փողոցներում:
Երևանում վճարովի ավտոկայանատեղերի արդիականացման և բարեփոխման շնորհիվ ներդրվել են նոր, արդիական սարքավորումածրագրային համակարգեր, ինչը հնարավորություն է տվել ավտոկայանատեղերում կիրառել տեսանկարահանող սարքերի ավտոմատացման գործառույթ, մասնավորապես, վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների համարանիշերի ճանաչում և թվայնացում:
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղում վճարի գանձման գործընթացը կանոնակարգելու նպատակով կատարելագործվել է էլեկտրոնային արդիական համակարգը:
Որպես բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց՝ Երևանում էլեկտրամոբիլների տարածմանը խթանելու նպատակով Երևանի ավագանու 23.12.2025թ. հ.482-Ն որոշմամբ, որպես վառելիք էլեկտրաէներգիա գործածող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող փոխադրամիջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ՝ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի համար տեղական վճարից:
Երևանի ավագանու համապատասխան որոշումներով 17 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թույլատրվել է 2025թ. կազմակերպել, ինչպես նաև շարունակել նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկում
Սայլակավոր հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսները մատչելի դարձնելու նպատակով 2020-2024թ.թ. մայրաքաղաք ներկրված փոքր, միջին և մեծ դասի բոլոր ավտոբուսներն ընդհանուր առմամբ 749 հատ, այդ թվում՝ «ԳԱԶԵԼ սիթի» մակնիշի 100 հատ, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի 562 հատ և «ՄԱՆ» մակնիշի 87 հատ ունեն թեքահարթակներ՝ ինչը հնարավորություն է տալիս ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանրային տրանսպորտից օգտվելու մատչելիությունն ու հարմարավետությունը:
Նոր ձեռք բերված բոլոր 30 տրոլեյբուսները ևս կահավորված են թեքահարթակով և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար:
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.482-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության տրամադրման գործընթացը։ 2024 թվականի համար տրամադրվել է 510, 2025 թվականին՝ 358, իսկ 2026թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 406 թույլտվություն:
Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը՝ հետևողականորեն լուծում է ստանում կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը։ Այդ համատեքստում թվով 83 վճարովի կայանատեղերում համապատասխան կահավորանքի միջոցով առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային երթևեկության կարգավորում
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն Երևանի քաղաքապետը իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով:
Վերը նշված լիազորությունն իրականացնելու նպատակով 2025թ. համար ՀՀ պետ. բյուջեից Երևանի քաղաքապետարանին է հատկացվել 765928.6 հազ. դրամ, որով տարվա ընթացքում կատարվել են համապատասխան աշխատանքներ:
Պատրաստվել և տեղադրվել է 3800 հատ ճանապարհային նշան, իրականացվել է 371 լուսացույցի, այդ թվում՝ 121 «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի (ձայնային ազդանշանմամբ) սպասարկման, շահագործման և վթարավերականգնողական աշխատանքներ, կատարվել է էմալային տիպի գծանշում 2406479 գծմ ծավալով, սառը և ջերմապլաստիկ տեսակի՝ 1129.1 քմ ծավալով և հարդարվել և ներկվել է 26623 քմ պահպանապատ:
2022 թվականից սկսած տեղադրվող բոլոր լուսացույցներն ունենալու են ձայնային ազդանշան՝ տեսողությանն առնչվող հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով, ինչպես նաև հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով մայրաքաղաքի 17 չկարգավորվող հետիոտնային անցումներում 2026 թվականի ընթացքում նախատեսվում է տեղադրել հետիոտնային կանչի 14 լուսացույցներ:
Նախատեսվում է ներդնել արդիական նոր համակարգեր, որը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային երթևեկության կազմակերպումը և մեծացնել դրանց արդյունավետությունը:
Տվյալահեն քաղաքային շարժունակություն
Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի N 456-Ա որոշմամբ ստեղծվել է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը։ Հիմնարկը պետական գրանցում է ստացել 2026 թվականի հունվարի 5-ին։
Կենտրոնի հիմնական նպատակը Երևանում երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման ժամանակակից, տվյալահեն համակարգի ձևավորումն է՝ թվային տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության գործիքների կիրառմամբ։
Երևան քաղաքում միկրոավտոբուսներով և ավտոբուսներով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկի (նախագիծ)
Երևան քաղաքում միկրոավտոբուսներով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ-հիմնավորում
Հավելված 1, Հավելված 2
Երևան քաղաքում ավտոբուսներով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ-հիմնավորում (նախագիծ)
Միջազգային խորհրդատուի կողմից Երևան քաղաքի ուղևորատրանսպորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններ